Հանրության շրջանում լայնորեն տարածվում է «Երաշխավորված խաղաղության» գաղափարը, ինչը փաստացիորեն ապակայքացնում է իշխանական շրջանակների կողմից ստեղծված «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային մանիպուլյացիան։ Իշխանական հիստերիան հենց այս փաստի շուրջ է կառուցված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ հիմնական թեզը՝ «կամ դուք, կամ պատերազմ» սկզբունքը, կորցնում է իր իմաստը։
Մեր՝ հավաքական ընդդիմության առաջին և ամենակարևոր խնդիրն է հանգիստ, հստակ և համոզիչ կերպով բացատրել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և դրա բովանդակային իմաստը։
Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, որը կապահովի մեր ապագան և կներկայացնի ավելի լավ, ապահով և արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Այս խաղաղությունը պետք է լինի ոչ թե Ալիևի անկայուն տրամադրությունների կամ միանձնյա որոշումների արդյունքը, այլ միջազգային իրավական մեխանիզմների և հաստատված պայմանավորվածությունների հիմքով։
Այսպիսով, մենք պահանջում ենք երաշխավորված խաղաղություն, որը կներառի հետևյալ կետերը․
1. Ապահովություն Ալիևի կամքից։ Մեր կյանքը և անվտանգությունը չպետք է կախված լինեն միայն մեկ մարդու՝ Ալիևի, անկայուն որոշումներից։
2. Ուժերի հավասարակշռության վերականգնում։ Երաշխավորված խաղաղությունը պետք է լինի ուժերի խախտված հավասարակշռությունը կոմպենսացնելու միջոց։
3. Սահմանադրության և 300 հազար ադրբեջանցիների հարցի վերացումը։ Պետք է վերացվի սահմանադրական փոփոխությունների պահանջը՝ որպես պատերազմի սպառնալիքի գործիք, և դադարեցվի 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» պահանջը՝ որպես պատերազմի սպառնալիքի միջոց։
4. Սևանի հարցի վերացումը։ Պետք է վերացվի Սևանը «Գյոյչա» անվանելու պահանջը՝ որպես պատերազմի սպառնալիքի գործիք։
5. Ալիևի անվերջ պահանջների դադարեցումը։ Պետք է դադարեցվի ամեն օր Ալիևի կողմից առաջադրվող նոր պահանջների շղթան, որը նույնպես ներկայացվում է որպես պատերազմի սպառնալիք։
Սա հանրությանը բացատրելը բարդ չէ, բայց պահանջում է նպատակային, համակարգված և միասնական աշխատանք։
Իշխանական սպեկուլյացիայի սցենարի շարունակությունը թույլ չտալու համար անհրաժեշտ է մարդկանց բացատրել նաև, որ երաշխավորված խաղաղությունը ոչ միայն ապահովություն է արտաքին ագրեսիայի դեմ, այլև համապարփակ համակարգ, որը ներառում է․
Միջազգային իրավական հիմք։ Այն միջազգային իրավական մեխանիզմների, վերահսկողության և պատասխանատվության հստակ գործիքների հիմքով ամրագրված պայմանավորվածությունների համակարգ է։
Արտաքին և ներքին անվտանգություն։ Այն ներառում է ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության բաղադրիչներ՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ։
Տնտեսական զարգացում։ Այն ենթադրում է նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացում, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհների և հաղորդակցությունների գործարկում։
Այսպիսով, երաշխավորված խաղաղությունը ոչ թե միայն մեկ երկրի կամ միջազգային կազմակերպության երաշխավորությունն է, այլ համակարգված, բազմաշերտ և կայուն մոտեցում, որը նպատակ ունի ապահովել Հայաստանի և նրա ժողովրդի կայուն, անվտանգ և արժանապատիվ ապագան։
Այս հարցումներին պատասխանելու և մեր մոտեցումները ներկայացնելու համար ես շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով՝ անմիջապես լսելու մարդկանց հարցերը և մտահոգությունները։
Մեր խնդիրը պարզ է․ մարդկանց ազատել իշխանական խաբեզրերից և տալ իրենց ապագայի համար իրական, կոնկրետ և երաշխավորված ճանապարհ։