Իմ վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ Երևանում աղբահանության և քաղաքային մաքրության խնդիրները համակարգային բնույթ են կրում, ինչը պայմանավորված է կառավարման մեջ առկա բացերով։ Այս կարծիքը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի կառավարման առանձնահատկություններին։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքները ձևական բնույթ են կրում։ Օրինակ, աղբամանները կարող են լինել դատարկ, սակայն դրանց կողքին կուտակված շինարարական, կենցաղային կամ չորացած ճյուղերից բաղկացած աղբը պարզապես անտեսվում է։ Այսպիսով, աղբամանը դատարկելը դիտարկվում է որպես մեխանիկական գործողություն, որը չի ապահովում քաղաքի մաքրությունը։
Աղեկյանը ընդգծում է, որ խնդիրը ոչ միայն աղբը տեղափոխելն է, այլև շինաղբի ժամանակին հեռացումը, փողոցների, մայթերի և բակերի լվացումը, ինչպես նաև դեռատիզացիոն աշխատանքների պատշաճ իրականացումը։
Նրա խոսքով՝ դեռատիզացիան իրականացվում է միայն պարտադրանքով։ Բազմաբնակարան շենքերում աշխատանքներ կատարվում են բացառապես այն դեպքում, երբ գրություն է ուղարկվում քաղաքապետարան, և «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները բարձրացնում են խնդիրը։ Ինքնուրույն նախաձեռնություն չկա, ինչի հետևանքով առնետների խնդիրը դարձել է սովորական երևույթ, որը հասել է մինչև փողոցներ և բակեր։
Խոսելով կոնկրետ վայրերի մասին՝ նա առանձնացրեց Շենգավիթ վարչական շրջանը, որտեղ, նրա խոսքով, աղբահանությունը սարսափելի վատ է իրականացվում։ Շիրակի, Մանանդյան և Բագրատունյաց փողոցների բակային հատվածներում, ինչպես նաև Շենգավիթ մետրոյի հարակից տարածքներում օրվա ցանկացած ժամի կարելի է տեսնել կուտակված աղբ։
Աղեկյանը նաև անդրադարձավ աղբահանության սակագնի բարձրացմանը և դրա քաղաքական բաղադրիչին։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը՝ ՔՊ ավագանին, իր կուլիսային գործընկերների հետ համաձայնության գալով, թանկացրել է ծառայությունը, սակայն դրա դիմաց քաղաքացիները չեն ստանում համապատասխան որակ։
Նա շեշտեց, որ քաղաքացիները ոչ միայն չեն ստանում ծառայություն, այլև ենթարկվում են տուգանքների։ Սոցիալապես անապահով մարդիկ, եթե չեն հասցնում վճարել, տուգանվում են։
Երևանի ավագանու անդամը տեղեկացրեց, որ 2026 թվականի բյուջեով աղբահանությանը և սանմաքրմանը հատկացվել է 6 մլրդ 531 միլիոն 147 հազար դրամ։ Նա հարց է առաջադրել՝ եթե աղբահանությունը չի իրականացվում պատշաճ, ապա այդ գումարները որտե՞ղ են գնում, և չբացառեց, որ դրանք կարող են ուղղվել այլ՝ ոչ հրապարակային նպատակների, այդ թվում՝ արտերկրում։