Իմ հավաստի աղբյուրների համաձայն՝ օրեր առաջ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց պայմաններ էր ներկայացրել Իրանին՝ պատերազմի դադարեցման համար։ Սակայն, ինչպես պարզվում է, երկու կողմերի միջև ընթացող բանակցությունները զարգացել են անսպասելի ուղղությամբ։
ԱՄՆ-ի առաջարկած պայմանների համաձայն՝ Թեհրանը պետք է ապամոնտաժի Նաթանզի, Սպահանի և Ֆորդի միջուկային օբյեկտները, դադարեցնի ուրանի հարստացումը և կուտակված նյութը փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ինչպես նաև դադարեցնի իր բալիստիկ հրթիռների ծրագիրը և տարածաշրջանային իր դաշնակից ուժերին աջակցելը։ Դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում էր միջուկային պատժամիջոցների լիակատար վերացում և Բուշերում քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը օգնություն։
Իրանը, փաստացի, միջնորդների՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի միջոցով, ոչ թե Թրամփի առաջարկները, այլ իր պայմանները է ներկայացրել ամերիկյան կողմին։ Իրանի պաշտոնական պայմանները, որոնք հրապարակվել են իրանական PressTV հեռուստաալիքի կողմից, հետևյալն են․
1. Թշնամու կողմից «ագրեսիայի և սպանության» լիակատար դադարեցում։
2. Իրանում պատերազմի վերսկսումը կանխելու համար հատուկ մեխանիզմների ստեղծում։
3. Պատերազմական վնասների փոխհատուցման, ինչպես նաև փոխհատուցումների երաշխավորված և հստակ սահմանված վճարում։
4. Պատերազմի ավարտ բոլոր ճակատներում և տարածաշրջանում դրան մասնակցած բոլոր դիմադրության խմբերի համար։
5. Իրանի Հորմուզի նեղուցի նկատմամբ իշխանություն իրականացնելու ինքնիշխան իրավունքի միջազգային ճանաչում և երաշխիքներ։
Իրանի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ հրադադարը կախված է բոլոր այս պայմանների ընդունումից, և մինչև դրանք կատարվեն, բանակցությունները չեն վարվի։
Այս իրադարձությունները ծուղակի մեջ են դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Իրավիճակը նման է այն բանին, երբ պետական գործիչը սկզբից քայլ է անում, իսկ հետո է մտածում՝ ճի՞շտ էր այդ քայլը, թե՞ ոչ։ Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Թրամփը, իր կառավարման շրջանում առաջին անգամ, հայտնվել է նման անսպասելի և դժվարին իրավիճակի մեջ, որը սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում, այլև Կոնգրեսի գալիք ընտրություններում՝ հանրապետականներին։ Այս իրավիճակը կարող է նաև ջրի երես դուրս բերել Թրամփի համար անչափ վտանգավոր իմպիչմենտի հեռանկարը։