Հայաստանի վերականգնումը, մեր ազգային վերածնունդը, կսկսվեն այն պահից, երբ մենք կամենանք և կկարողանանք անել առաջին, ամենակարևոր քայլը՝ գնալ ներքին համերաշխության։
Այս գաղափարը, որը հիմնական է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համար, իմ համար ավելին է, քան պարզ մի նախագծի մաս։ Այն իմ ազգին ուղղված խորը, անկեղծ կոչն է։ Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով՝ ոչ թե քաղաքական խոստումներ տալու, այլ բաց, անկեղծորեն խոսելու մարդկանց հետ՝ հենց այս հարցի շուրջ։ Իմ նպատակն է, որ այս գաղափարի կարևորությունը հասանելի լինի բոլորին։
Մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը, որտեղ կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքեր են տեղի ունենում ամեն օր, մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։
Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։ Զիջելն ամոթ չէ, այն վստահության և ինքնահարգանքի նշան է։
Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որը մենք սկսել ենք ցուցաբերել միմյանց հանդեպ։ Տարօրինակ բան է, որ մենք թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում, այն անտրամաբանական է և մեր թշնամու ցանկությունն է։
Մեր ազգային վերածննդի նոր բրենդը պետք է լինի ներքին համերաշխությունը։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, միանալ այս ուղղությանը։
Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում, ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։ Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի։
Ներքին համերաշխության դրոշը պետք է դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։ Այս գաղափարը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար ուղղությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում։
Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։
Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին։ Մենք կարող ենք այս մարտահրավերը հաղթահարել։