Անցած կիրակի Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքեց երկրի նախագահ Ռումեն Ռադևի կուսակցությունը։ Այս հաղթանակը, որը տեղի ունեցավ երկրում վեց տարվա քաղաքական ճգնաժամի և 2021 թվականից ի վեր անցկացվող յոթերորդ արտահերթ ընտրությունների ֆոնին, նշանակում է, որ Բուլղարիան կարող է մուտք գործել նոր քաղաքական դարաշրջան։
Ընտրություններին նախորորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք խորացրին երկրի ներքին քաղաքական լարվածությունը։ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ռոզեն Ժելյազկովի կառավարությունը հրաժարական տվեց՝ ի պատասխան բյուջեի և կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ բողոքի ցույցերի։ Բուլղարիայի քաղաքական համակարգում, որտեղ վարչապետը կառավարման գլխավոր մանդատն ունի, նախագահի դերը ևս զգալի է։ Ռադևի և նախորդ կառավարության միջև հակասությունները, որոնք հաճախ արտահայտվում էին արտաքին քաղաքականության հարցերով, հասել էին իրենց գագաթնակետին։
Այս իրավիճակում Ռադևը, որը մինչ ընտրություններին մասնակցելը խիստ քննադատում էր կառավարությանը, հունվարի 16-ին հրաժարական տվեց՝ խորհրդարանում առաջադրվելու համար։ Նա հաջողությամբ ձևավորեց «Պրոգրեսիվ Բուլղարիա» կոչվող դաշինքը, որի նպատակն էր փոխել կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը և վերականգնել Մոսկվայի հետ «արժանապատիվ հարաբերությունները»։
Ըստ փորձագետների՝ Ռադևի հաղթանակը արտացոլում է բուլղարացիների հիասթափությունը նախորդ ղեկավարությունից։ Նրա քաղաքական ուժը կարողացավ համախմբել սոցիալական տարբեր խմբեր՝ ավագ սերնդին, պահպանողականներին, ռուսամետ ընտրողներին, ինչպես նաև երիտասարդ, եվրոպամետ և գործարար շրջանակներին։
Այս հաղթանակից հետո Ռադևը հայտարարել է, որ կփորձի կառավարություն ձևավորել՝ առանց վերջին տասնամյակում իշխանություն ունեցած քաղաքական կուսակցությունների հետ մերձենալու։ Ըստ փորձագետների՝ նրա քաղաքականությունը կլինի հավասարակշռված, որը կվերացնի ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հակադրության քաղաքականությունը։ Նրանք նշում են, որ նոր իշխանությունը հավանաբար կսկսի վարել քաղաքականություն, որը կստիպի հաշվի նստել և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում։
Այս փոփոխությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Բուլղարիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Բուլղարիան, որը խորը մշակութային, կրոնական և լեզվական կապեր ունի Ռուսաստանի հետ, երկար տարիներ հանդես էր գալիս որպես Եվրամիության և Ռուսաստանի միջև լարվածության հարթակ։ Նոր իշխանության հավասարակշռված մոտեցումը կարող է նպաստել տարածաշրջանում ավելի կայուն և հաշտ պայմանների ստեղծմանը։


