2018 թվականի գարնանը հայ ժողովուրդը փողոցներ դուրս եկավ ոչ թե պարզապես իշխանափոխության, այլ ավելի խորը, ավելի հիմնարար փոփոխությունների հույսով։ Նրանք ցանկանում էին կոտրել անարդարության, կեղեքման և նվաստացման այն փակ շրջանը, որտեղ պետությունը, այլ ոչ թե ժողովրդը, սահմանում էր կյանքի կանոնները։
Մարդիկ երազում էին ներքին համերաշխություն, արդարություն, ժողովրդավարություն, անվտանգություն և խաղաղություն։ Նրանց հիմնական ցանկությունը պետություն ունենալն էր, որտեղ քաղաքացին իշխանության համար «տուգանքի մատերիալ» չէ, այլ երկրի իրական տերը, ով կարող է աշխատել, սեփական ձեռքերով ապահովել իր ընտանիքը և ապրել արժանապատիվ կյանքով։
Այդ օրերին «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) խորհրդարանական երկրորդ ուժ լինելով՝ կանգնեց այդ հանրային երազանքի կողքին։ Մենք հասկացանք, որ հասարակությունը ցանկանում է ոչ թե մեկ անձի, այլ ավելի արդար, ավելի մարդկային և ավելի անվտանգ Հայաստան։ Մեր միանալը համաժողովրդական շարժմանը փոխեց քաղաքական նժարի ծանրությունը՝ վճռորոշ նշանակություն ունենալով ճգնաժամի հանգուցալուծման հարցում։
Գագիկ Ծառուկյանը դեռ 2018 թվականի դրամատիկ օրերին հստակ արձանագրել էր, որ պետությունը չի կարող գոյատևել սեփական ժողովրդի դժգոհության, աղքատության և հուսահատության հաշվին։
Սակայն, ինչպես հաճախ պատահում է, ժամանակի ընթացքում իշխանության գլուխը բարձրացրածները դավաճանեցին հենց այն արժեքներին, որոնց անունից իշխանության եկան։ Հեղափոխության դրական ներուժը մսխվեց իշխանության պահպանման մոլուցքի, քաղաքական վրեժխնդրության և պետական կառավարման ձախողումների պատճառով։
Փոխարենը՝ մարդիկ ստացան ընտրովի արդարադատություն, ժողովրդավարության փոխարեն՝ քաղաքական հետապնդումներ, սիրո և համերաշխության փոխարեն՝ ատելության, պառակտման և թշնամանքի մթնոլորտ։ Փաշինյանի իշխանության առաջնահերթությունը դարձավ ոչ թե ժողովրդի բարեկեցությունը, այլ սեփական քաղաքական վերարտադրությունը և յուրայինների հարստացումը։
Այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանությունը վաղուց կորցրել է հանրային պատասխանատվության զգացումը։ Աշխատող մարդը չի զգում պետության աջակցությունը, փոքր ու միջին բիզնեսը՝ պաշտպանվածություն, երիտասարդը՝ վստահելի ապագա, իսկ թոշակառուն՝ սոցիալական արդարություն։
Բայց ժողովրդի փոփոխությունների պահանջը մահացել չէ։ Այն այսօր էլ կա՝ ավելի հասուն, ավելի գիտակցված և ավելի պահանջատեր ձևով։
Այսօր էլ մեր ժողովուրդն ուզում է անվտանգ պետություն, արժանապատիվ կյանք, սոցիալական արդարություն, ազգային համերաշխություն և խաղաղ հասարակություն, որտեղ մարդը կարող է ապրել իր աշխատանքի շնորհիվ, ոչ թե գոյատևել իշխանության կամայականությունների պայմաններում։
«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է կանգնած մնալ այդ արժեքների կողքին։ Ինչպես 2018 թվականին, այնպես էլ այսօր, մենք փոփոխություններ ենք ուզում։ Այս անգամ՝ պատասխանատու կառավարման, անվտանգության, սոցիալական արդարության և ազգային արժանապատվության հիման վրա։
Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ այլ իրականություն․ պետություն, որտեղ աշխատող մարդը հարգված է, բիզնեսը՝ պաշտպանված, երիտասարդը՝ ապագա ունեցող, թոշակառուն՝ արժանապատիվ կյանքով ապրող, իսկ պետությունը՝ ուժեղ, անվտանգ և ինքնիշխան։ Եվ փոփոխություններն անպայման լինելու են։
Հունիսի 7-ին քվեարկեք թիվ 7-ին՝ հանուն լավ, անվտանգ, արդար և բարգավաճ Հայաստանի։


