Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, եվրոպական երկրների իշխող վերնախավերը լուռ հակամարտության մեջ հայտնվեցին Վաշինգտոնի հետ։ Ուկրաինական կոնֆլիկտի շուրջ խնդիրը վերջնականապես բաժանեց Թրամփին այդ եվրոպական վերնախավի ներկայացուցիչներից։
Վերջին՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում, երբ եվրոպական երկրների իշխանությունները չաջակցեցին Թրամփին, վերջինս սկսեց խոսել այն մասին, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից հեռանկարային կառույց չէ, և որ միայն ԱՄՆ-ն է պաշտպանում եվրոպական երկրներին Մոսկվայից, իսկ վերջիններս ԱՄՆ-ին որևէ օգնություն չեն տրամադրում։
Ավելին, մայիսի 11-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի կարիքը չունի։ «Մեզ ՆԱՏՕ-ն պետք չէ», — լրագրողներին հայտարարեց Թրամփը՝ նշելով, որ «առանց Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է»։
Այս հայտարարությունից հետո, որպես գործողություն, Թրամփը որոշեց Գերմանիայից 36 հազարանոց ամերիկյան զորախմբից չորս հազարը դուրս բերել այդ երկրից և տեղափոխել Լեհաստան։ Սակայն պարզվեց, որ նրանք ոչ թե վերադասավորվեցին դեպի Լեհաստան, այլ վերադարձան Միացյալ Նահանգներ, ինչը գրեթե խուճապ առաջացրեց եվրոպական վերնախավի ներկայացուցիչների մոտ։
Այս համատեքստում Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսեց հայտարարել, որ իրենց երկրի ռազմաարդյունաբերկական համալիրի դերը շեշտակիորեն կբարձրացնեն և կօգնեն Ուկրաինային՝ անօդաչու սարքերի արտադրության հարցում։ Ի պատասխան դրա, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, սպառնալով ԵՄ անդամ այն 11 երկրներին, ովքեր համաձայնվել էին Ուկրաինայի համար անօդաչու սարքերի արտադրություններ հիմնել։
Այս իրավիճակում, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը, եվրոպական ղեկավարները սկսեցին փնտրել այլընտրանքային դաշինքներ։ Մայիսի 12-ին Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ հանդիպում։ Անկարայի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Առա՛ջ, դեպի Անկարա. երկխոսություն ՆԱՏՕ-ի շուրջ» խորագրով հանդիպման հիմնական նպատակը հուլիսի 7-8-ը Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումն էր։
Հանդիպմանը ելույթ ունեցող եվրոպացի դիվանագետների կողմից առաջ քաշված հիմնական թեզը վերաբերում էր ՆԱՏՕ-ի ազդեցության պահպանմանը և նույնիսկ՝ ամրապնդմանը։ Նշվեց, որ ՆԱՏՕ-ի հարևան տարածաշրջաններ ընդլայնման քաղաքականությունը նույնպես կլինի Անկարայում կայանալիք գագաթնաժողովի օրակարգում։
Այս հանդիպման արդյունքում որոշվել են Անկարայի գագաթնաժողովում քննարկվելիք չորս հիմնական հարցեր․
1. Ներքին իրար աջակցության սկզբունքի բարձրացում։
2. Պաշտպանական արդյունաբերության ամրապնդում։ Թրամփի վարչակազմի ճնշման ներքո սկսված այս գործընթացը կքննարկվի, և ակնկալվում են նույնիսկ պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ կոնկրետ որոշումներ։
3. Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևորության բարձրացում։ Հորմուզի նեղուցի ճգնաժամը բարձրացրել է այս տարածաշրջանի նշանակությունը Եվրոպայի համար, և եվրոպացի ղեկավարները հետաքրքրված են իրենց գործունեությունը նաև այստեղ ակտիվացնելով։
4. Սև ծովի անվտանգության ապահովում։ Դաշինքի անդամները կարևոր որոշումներ կկայացնեն, որոնք ուղղված կլինեն ռուսական հնարավոր սպառնալիքից պաշտպանվելուն։
Այս քայլերը մեծացնում են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ի ջանքերում՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ իր տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու համար։ Այս համատեքստում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավերներ է ուղարկել նաև Ծոցի արաբական երկրների ղեկավարներին, ինչը խիստ զայրացրել է Իրանին։
Այս ամենը ցույց է տալիս, որ եվրոպական ղեկավարները փորձում են գտնել իրենց տեղը նորաշարժ աշխարհաքաղաքական դաշտում՝ Թուրքիային դիտարկելով որպես հիմնական դաշնակից՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարում։

