Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկին է դասվում նաև Հայաստանը։
Դիվանագետը նշել է, որ ԱԳՆ-ն չի կարող սահմանափակել իր քաղաքացիների ճանապարհորդությունները։ Նախարարությունը կարող է միայն խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ, եթե ռուսաստանցիները կարծում են, որ կարող են բախվել խնդիրների ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հարցումներով բարձր ռիսկային երկրների ցանկում են նաև Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։
Այս ցանկը, սակայն, ամբողջական չէ, քանի որ չի ներառում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրերով կապված բոլոր երկրները։ Ընդգրկված են նաև Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան և այլ երկրներ։
Արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ այս տեղեկատվությունը պետք է հաշվի առնել ցանկացած արտերկրյա ուղևորություն կատարելուց առաջ։


