Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Հավաքի մասնակիցները նախ իրենց օրը սկսեցին Արևագալի ժամերգությամբ։ Հոգևոր խորհրդածություններից և աղոթական առանձնացումներից հետո հետմիջօրեին տեղի ունեցավ հավաքի պաշտոնական բացումը։
Բացման արարողության ընթացքում ժողովականներին իրենց ուղերձները հղեցին Տերունական աղոթքի և Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցմանը հաջորդած միասնության խոսքերով։
Առաջինը իր հայրական խոսքն ու պատգամն առցանց հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նրան հաջորդեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվեց դիվանը, որը կվարի Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքը հղեց Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։
Հավաքին մասնակցում է նաև տիրադավների շարքը համալրած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։