Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում մարդկանց՝ «նախաձեռնությունների» անվան տակ

Համայնքներից ստացված տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները, կառավարության և համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակում, փաստացի սկսել են նախընտրական կաշառք բաժանել քաղաքացիներին։

Գյուլագարակ համայնքից մեզ հայտնեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգահարում է գյուղացիներին և ցուցակագրում նրանց, ովքեր տանիքի խնդիր ունեն։ Նա հետաքրքրվում է, թե արդյոք տանիքը ասբեստից է, և խոստանում է այն փոխել։

Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեր հետ զրույցում նշեց, որ նրանք մարզպետարանից ստացել են գրություն, և իրենք պարզապես հաշվառում են վիճակագրական տվյալները։ Նրա խոսքով՝ նրանք հավաքում են տեղեկատվություն, բայց չգիտեն, թե հետագայում դրա հետ ինչ կանեն։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի», – ավելացրեց նա։

Այս իրադարձությունները տեղի են ունենում «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ կոնսոլիդացիայի պայմաններում, որը, ըստ որոշ գնահատականների, դաշտը բյուրեղացնում է։