Հայաստանը այսօր կանգնած է իր գոյության և անվտանգության համար ճակատագրական մարտահրավերների առջև։ Որպես հայրենիքի և հայության նկատմամբ անսահման սիրով և պատասխանատվությամբ վերաբերվող անհատ, ես չեմ կարող լինել անտարբեր դիտորդ այս պահին։
Այսպիսի իրավիճակում հասարակական համախմբումը և համերաշխությունը կարող են դառնալ երկրի կայունության և զարգացման հիմնաքարը։ Իմ տեսակետով, երկու հիմնական նպատակ՝ «երաշխավորված խաղաղությունը» և «ներքին համերաշխությունը», կարող են դառնալ սկզբունքային դիրքավորման առանցքը հայկական քաղաքական և հասարակական շահագրգիռ ուժերի համար։
Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, քաղաքացու արժանապատվության վերահաստատումը և արժեքային համակարգի ամրապնդումը պահանջում են քաղաքական և մասնագիտական մտքի համախմբում, կամային որակների և փորձի մեկտեղում։
Այս առաքելությունը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր վրա վերցրել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։ Ուստի, ես հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ իմ ողջ ներուժը, փորձառությունը, գիտելիքները և կարողությունները ներդնելու այս նախաձեռնության նպատակները կյանքի կոչելու համար։ Իմ նպատակն է լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը գործուն առաջարկներով, որոնք կօգնեն հայկական պետությանը և հասարակությանը հաղթահարել առջևում ընկած մարտահրավերները։
Այս մտքերը ես ձևակերպել եմ որպես իմ անձնական դիրքորոշում և հայկական հասարակությանը ուղղված կոչ՝ միավորվելու և ակտիվ մասնակցելու գործընթացին։