Փաշինյանի քարոզարշավի սկիզբը՝ խուճապի արդյունք է, ոչ թե ռազմավարություն

Իմ վերլուծության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղ քարոզարշավի սկիզբը պայմանավորված չէ ռազմավարական հաշվարկով, այլ խուճապի եւ իրական քաղաքական իրավիճակի վերլուծության արդյունք է։

Ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք կարող էին իշխանությունից հեռանալուց հետո որոշակի հանգիստ կյանք վարել, Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը կորցնելը կլինի կյանքի եւ մահու հարց։ Տիրապետելով իրական թվերին՝ նա հասկացել է, որ իր կուսակցությանը վերընտրվելու որեւէ հնարավորություն չկա։ Այս իրողությունը նրան խուճապի մեջ է մղել, եւ նրա կողմից իրականացվող քայլերը՝ մետրոյի այցերը, տարբեր շրջաններում հանդիպումները՝ ուղղակի փորձ են վարկանիշը վերականգնելու, այն վարկանիշը, որն ինքն ունեցել է 2018 կամ 2021 թվականներին։

Նրա հիմնական մարզավարական հնարքը հասարակ մարդու դերակատարումն է։ Ինքը՝ որը նախկինում խոսում էր թալանի մասին, հիմա փորձում է ներկայանալ որպես «պեռաշկի» ուտող հասարակ մարդ, որը պաշտպանում է հասարակ մարդկանց շահերը։

Այս պահին իշխանության գործավարման ոճը, ըստ իմ գնահատման, ավելի շատ պանիկայի արտահայտություն է, քան հստակ ռազմավարություն։ Փաշինյանը փորձում է օգտագործել 2021 թվականի տեխնոլոգիան՝ խաղաղության եւ պատերազմի թեմայով, սակայն այս անգամ այն շատ ավելի գռեհիկ է ստացվում։ Նրա եւ Ալիեւի միջեւ հանդիպումները եւ միմյանց ուղղված սպառնալիքները, ըստ իմ վերլուծության, պայմանավորված են Ալիեւի հետ կազմակերպված համատեղ օպերացիայով։

Ալիեւին անհրաժեշտ է, որ Փաշինյանը վերարտադրվի, քանի որ դա նպաստում է հետագա զիջումների եւ վախի մթնոլորտի ստեղծմանը։ Ալիեւը հայտարարում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, բայց միաժամանակ սպառնում է պատերազմով վեց ամիս հետո, եթե Հայաստանը չկատարի իր պահանջները։ Սա շանտաժի հերթական դրսեւորումն է, որի մեջ Փաշինյանը, իմ կարծիքով, անվերապահորեն գնում է։

Այսպիսով, վարչապետի վաղ քարոզարշավի սկիզբը պետք է դիտարկել ոչ թե որպես հաջողված ռազմավարական քայլ, այլ որպես խուճապի եւ իրական քաղաքական ճնշման արդյունք։