Սիրիայի քրդերը՝ մանրադրամի դերից մինչև գոյաբանական խնդիր

Սիրիայի քրդերի բնակչությունը 2007 թվականի դրությամբ գնահատվում էր 1.7 միլիոնով, ինչը կազմում էր երկրի նախապատերազմյան բնակչության մոտավորապես 10%-ը։ Նրանք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի՝ պարունակելով նավթի զգալի պաշարներ։

Պատմականորեն, քրդերը միշտ խաղացել են մանրադրամի դեր՝ Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև։ Ասադի ռեժիմի ժամանակ քրդերին օգտագործում էին Թուրքիայի դեմ, ինչի արդյունքում վերջիններս պարբերաբար կազմակերպում էին կոտորածներ և ներխուժում Սիրիայի հյուսիսային տարածքներ՝ քրդերին հետապնդելու պատրվակով։

Սիրիայի կառավարությունը նախկինում խտրական քաղաքականություն էր վարում քրդական փոքրամասնության նկատմամբ։ Դպրոցներում արգելված էին քրդական լեզվի և մշակույթի դասավանդումը, հողերը և նավթահանքերը տրամադրվում էին արաբներին, իսկ քուրդ ակտիվիստները հետապնդվում էին։ Ավելին, մինչև 300.000 տեղացի քրդերի տրվել էր ոչ քաղաքացու կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։ Այս քրդերը, սակայն, Թուրքիայից եկած փախստականներ էին, որոնք հետապնդվում էին Թուրքիայի իշխանությունների կողմից։

Երբ Սիրիայի և Թուրքիայի միջև քրդերի հարցով սրացում էր արձանագրվում, կողմերը արագորեն հաշտություն էին կնքում՝ միաժամանակ, թե՛ Սիրիայի, և թե՛ Թուրքիայի իշխանությունները դեմ էին, որ քրդերն ունենային ինքնավարություն։ Այսինքն, երկու երկրները իրար դեմ հիբրիդային պատերազմ էին կազմակերպում՝ քրդերին օգտագործելով որպես մանրադրամ, սակայն վերջիններին ինքնավարություն չտրամադրելու հարցում միակարծիք էին։ Արդյունքում, քրդերի բողոքը պարբերաբար փողոց էր դուրս գալիս և դաժանորեն լռեցվում էր։

Չեզոքություն և ինքնավարության հռչակում

2011 թվականին, երբ «արաբական գարնան» ալիքը տարածվեց Սիրիայի վրա, քրդերը որոշեցին չեզոքություն պահպանել Ասադի ռեժիմի և նրա ընդդիմադիրների միջև պայքարում։ Նրանք գիտեին, որ այդ ալիքի իրական կնքահայրը Էրդողանն էր, ով ցանկանում էր օգտագործել այն իր օսմանյան ամբիցիաները կյանքի կոչելու համար։

Սակայն մեկ տարի անց, 2012 թվականին, քրդերը հռչակեցին Սիրիայի հյուսիս-արևելյան մասում ինքնավարություն՝ այն կոչելով քրդական Ռոժավա, կամ Արևմտյան Քրդստան։ Այդ քայլով նրանք փաստացի հայտնվեցին հակամարտության մեջ և՛ Ասադի հետ, և՛ արաբական սունի իսլամիստների հետ։

ԱՄՆ-ի աջակցությունը և Թուրքիայի ներխուժումը

2016 թվականի Մարտի 16-ին քրդական «Դեմոկրատական ​​միություն» կուսակցությունը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքում դաշնային շրջանի՝ Հյուսիսային Սիրիայի Դաշնության (Ռոջավա) ստեղծման մասին։ Քանի որ Ասադը իրենց ընդունելի չէր, և միակ ուժը, որ պատրաստ էր պայքարել իսլամիստների դեմ, քրդերն էին, նրանց սկսեցին հետևողականորեն աջակցել ամերիկացիները։

Այս հաջողությունից խիստ վրդովված էր Թուրքիան, որը վախենում էր, որ Սիրիայում կարող էր կրկնվել Իրաքի պատմությունը, որտեղ քրդերը ստացան ինքնավարություն՝ օգտվելով ԱՄՆ-ի և արաբական ռեժիմների միջև եղած տարաձայնությունից։

Նույն թվականի օգոստոսին Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ օկուպացնելով Սիրիայի հյուսիսի մոտ 5 հազար քառ. կմ տարածք։ ԱՄՆ-ն, որպեսզի կանխեր Թուրքիայի առաջխաղացումը, իր զորքերը մտցրեց Սիրիայի հյուսիսային տարածքներ՝ նշելով, որ թույլ չի տա, որ Թուրքիայի զինված ուժերն ու քրդերը բախվեն։ Արդյունքում, քրդերը կարողացան իրենց անվտանգությունը պահպանել Թուրքիայից՝ ԱՄՆ-ի շնորհիվ։

Քրդերի դերը փոխվում է

Այսպիսով, քրդերը կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել ոչ միայն Սիրիայի հյուսիսային մասը, որտեղ շատ քրդեր էին ապրում, այլև երկրի արևելյան մասը, որտեղ քրդեր չկային։ Նրանք փաստացի վերահսկում էին այդ երկրի մոտ 30-35 տոկոսը։

Սակայն 2024 թվականի վերջին, Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկմամբ, իրավիճակը արմատապես փոխվեց։ Դամասկոսում իշխանություն զավթած արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումները նոր ունիտար պետություն կառուցելու ուղի ընտրեցին։ Էրդողանը, որը սկզբնապես աջակցում էր իսլամիստներին, ստանձնեց նոր ռեժիմի վերահսկողի դերը։

Այս անհավանական թվացող հանգամանքը փաստի առաջ կանգնեցրեց քրդերին, և վերջիններս ոչ միայն կորցրեցին տարածքներ, այլև կանգնած են լրջագույն վտանգի առջև, քանզի մնացել են միայնակ՝ Սիրիայի ներկայիս ռեժիմի և Թուրքիայի դեմ։