Wednesday, 20 May 2026
Աշխարհ

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը՝ թիրախավորելով հայկական հուշարձանները և գերեզմանոցները

Ինչպես հաղորդում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցով օմբուդսմենի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց վանդալիզմի քաղաքականությունը՝ թիրախավորելով հայկական մշակութային և հիշողության վայրերը։

Հերթական դեպքը տեղի է ունեցել ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործողությունները կատարվել են էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքներով։

Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրությունները և զոհված ազատամարտիկների դիմանկարները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոցը, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայրը։

Այս գործողությունները բացահայտ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն են, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։ Տեսանյութում արձանագրված վարքագիծը բնութագրվում է բացառիկ ցինիզմով և սրբապղծությամով։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն վնասում է գերեզմանները, այլև անարգում է զոհվածների հիշատակը, հուղարկավորության սրբությունը և մարդկային արժանապատվությունը։

Գործողությունների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ համակարգված և նպատակային ավերածության մասին։ Տեսանյութում հստակ երևում են բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր։

Այս գործողությունները հոգեբանական ահաբեկչության բաղադրիչ են պարունակում։ Տեսաձայնագրումը և դրա տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ նպատակը ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իշխանությունները հայկական հուշարձաններն են թիրախավորում։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին հայտնի էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են Վաղուհաս գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին կանգնեցված խաչքարը։

Այս գործողությունները արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումն է։

Շուշան Ավետիսյան

About Author